«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիկ» ազգային պարկի, «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

  1. ապահովում է ազգային պարկի, արգելոցի և արգելավայրերի բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.
  2. կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.
  3. իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են արգելոցի, ազգային պարկի ու արգելավայրերի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի էկոհամակարգերի ու դրանց տարրերի վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ և տեղեկատվություն.
  4. կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
  5. կազմակերպում է գիտաճանաչողական զբոսաշրջություն (այդ թվում՝ էկոզբոսաշրջություն).
  6. սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.
  7. ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի կանոնադրություններով սահմանված դրույթների կատարումը.
  8. իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության միջոցառումներ.
  9. ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.
  10. անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.
  11. պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.
  12. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

  1. գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում.
  2. գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.
  3. բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.
  4. էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
  5. գովազդի կազմակերպում.
  6. տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.
  7. կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.
  8. բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.
  9. կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.
  10. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.
  11. հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
  12. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում.
  13. հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում:
[ Top ]
Powered by Coma
<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր